×


Երեւանում ելույթ կունենա հայտնի թավջութակահար Գոտիե Կապյուսոն



«Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա ֆրանսիացի հանրահայտ թավջութակահար Գոտիե Կապյուսոնը: 



Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երգացանկի երկու գեղեցիկ ստեղծագործության կատարմամբ. Չայկովսկու Ռոկոկո վարիացիաները եւ Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:


Գոտիե Կապյուսոնը 21-րդ դարի թավջութակի իրական դեսպանն է: Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, NHK Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է:


Գոտիե Կապյուսոնը կամերային համերգներ է նվագում Լիզա Բատիաշվիլիի, Ժան-Իվ Տիբոդեի, Յուջա Վանգի, Մարթա Արգերիխի, Լեոնիդաս Կավակոսի հետ այնպիսի հանրահայտ համերգային դահլիճներում, ինչպիսիք են Քարնեգի համերգասրահը, Ուոլթ Դիսնեյ համերգասրահը, Էքս ան Պրովանսը եւ Վիեննայի Մուզիքֆերայնը։

Լայնածածավալ է նաեւ երաժշտի համագործակցությունը ժամանակակից կոմպոզիտորների հետ:


Նա Փարիզի «Louis Vuitton» հիմնադրամի Ֆրանկ Գերիի նախագծած նոր համերգասրահում գործող «Թավջութակի գերազանցության կենտրոնի» հիմնադիրն ու ղեկավարն է:





Կապյուսոնը նվագում է 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակով, որն աշխարհում հայտնի է իր բացառիկ հնչողությամբ: Կապյուսոնը Վալենսիայի նվագախմբի այս համերգաշրջանի մշտական հրավիրյալ մենակատարն է։


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին